4-1 դասարան

Մայիսի 24

Ստեփան Զորյան` Թռչնորսը /կարդալ, հասկանալ/

Մայիսի 23

Ընթերցարան 4` Բրուտի տղան /3-րդ մասը /

  • Կարդալ, կատարել հետևյալ առաջադրանքները.
  1. Գրիր` ինչ իմացար ջրածտի, օձերի, ուղտի մասին:
  2. Վերնագրիր պատմվածքի առանձնացված մասերը / 3 մաս/:
  3. Բնութագրիր Անդոյին:

Մայիսի 20

Ուշադիր լսիր ու գրիր թելադրությունը:

Մայիսի 22

Ընթերցարան 4` Բրուտի տղան /2-րդ մասը կարդալ/

Տրված ուղղագրական բառերով կազմիր նախադասություններ:

Մայիսի 18

Հետևյալ բառերով կազմիր նախադասություններ.

Շնորհք, խոնարհ, ունկնդրել, ելևէջ, սրտահույզ, հիասքանչ, բերրի, մառախուղ, վաղորդյան, միմյանց, պատճառ:

Ընթերցարան 4` Բրուտի տղան /էջ151/

Կարդալ 1-ին մասը, դուրս գրիր ուղղագրական դժվարություններ ունեցող բառերը:

Մայիսի 17

Ստուգիր աշխատանքներդ և կազմիր նախադասություններ հետևյալ բառերով.

սաղարթախիտ, հայթայթել, որձ, էգ, թուխս նստել, միջատ, պատշգամբ, Սարգիս, բույն հյուսել, զմրուխտյա, կխտար:

Կրկնել Մշուշների շղարշի տակ բանաստեղծությունը. վաղը` ընդհանուր պարապմունքին արտասանելու ենք:

Մայիսի 16

Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածների 2-րդ առաջադրանքից ընտրել 2 վերնագիր և շարադրել:

Մայիսի 15

Չմոռանալ բերել ականջալալ. ամեն օր թելադրություն ենք գրելու:

Է. Ռասպե` Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները /ընթերցարան 4, էջ 101

  • Կարդալ, կատարել 1,5 առաջադրանքները

Մայիսի 10

Արտագնա ճամփորդություն—ծանոթացեք և արձագանքեք

Զանգի-Զրանգի հեքիաթի աուդիոգիրքը ում և ինչի համար է/ շարադրում ենք, հարցազրույցներ ենք պատրաստում/:

թեսթ 18-վարժ կարդալ տեքստը, կատարել առաջադրանքները:

թեսթ 17

Չմոռանալ բերել ականջալալ. ամեն օր թելադրություն ենք գրելու:

Մայիսի 3

թեսթ 19-Վարժ կարդալ, պատմել, կատարել առաջադրանքները:

Կրկնել Ձկնիկն առվին խուտուտ տվեց… բանաստեղծությունը:

Բերել ականջակալներ. լսելով` գրելու ենք թելադրություն:

Մայիսի 2

թեսթ 13

թեսթ 20-ստուգել, լրացնել, ավարտել բոլոր առաջադրանքները:

Կրկնել Հ. Թումանյանի Իմ երգը բանմաստեղծությունը. վաղը` ընդհանուր պարապմունքին արտասանելու ենք:

Ապրիլի 27

թեսթ 16—կարդալ, կատարել առաջադրանքները

Ապրիլի 25

Վարժ, սահուն կարդալ

Խաչատուր Աբովյան

Ժանդ փուշը

Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում։
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց։
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի մեկն էլ ա։
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»։―
Էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան,
Երանի՛ նըրանց մեկ օր կըրակին տան։

թեսթ 9— Կարդալ, հասկանալ, կատարել առաջադրանքները:

Ապրիլի 20

Գեղեցիկ, հասկանալով կարդալ, կատարել առաջադրանքները:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
  6. Նկարիր այս բանաստեղծությունը պատկերող նկարը:

***

19.04

թեսթ 7  թեսթ 8 Կարդալ, կատարել առաջադրանքները:

Կրկնել Համո Սահյանի բանաստեղծությունները:

18.04

Կարդալ, կատարել առաջադրանքները, սովորել անգիր:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու;

 Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված. հիմնավորիր պատասխանդ:
  2. Առանձնացրու /գույնով կամ շեղատառով/ բնության պատկերները:
  3. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները՝

Մշուշների շղարշի տակ…

Ամպը լեզուն կուլ է տվել…

4. Ի՞նչ գույներ կօգտագործես այս բանաստեղծությունը նկարազարդելիս:

5. Նկարիր բանաստեղծության էջը:

Լրացուցիչ`

Ընտրել ևս 1-2 բանաստեղծություն, տեղադրել բլոգներում, կատարել առաջադրանքները:

***

Համո Սահյան

Սովորել անգիր, կատարել առաջադրանքները:

Համո Սահյան

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ

Քրքջալով ուշաթափվեց

Ու ձորն ընկավ քարափից…

Զարկվեց քարին, ուշքի եկավ,

Շուրջը նայեց կասկածով

Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝

Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  2. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց:
  3. Հորինիր վերնագիր բանաստեղծության համար:
  4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:
  5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

***

Աղայանական մեդիափաթեթ

  • Ընտրել մեկ հեքիաթ, կարդալ, համառոտ շարադրել` չմոռանալով վերաբերմունք արտահայտել, կազմել հարցաշար: Գովազդիր հեքիաթը: Կարող ես նաև աուդիո գիրք սարքել:
  • Ընտրել 2 բանաստեղծություն, կարդալ, նկարել և պատրաստել տեսանյութ /ֆիլմ, ռադիո…/
  • Աղայանի դասագրքերը. ծանոթանալ: Որ գիրքը դուր եկավ: Դուրս գրել հանելուկները, առածները, դուր եկած բանաստեղծությունները. Պատրաստիր աուդիո գիրք, ռադիոթատրոն

Ընտրիր որևէ առաջադրանք և սկսիր աշխատել: 

Կարդալ, բացատրել վերնագիրը /Ինչու է կոչվում Ծովի տղան/:

Ալպիական մանուշակ: Պատմվածք

Ալպիական մանուշակ: Պատմվածք

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը: Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին:

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները: Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին:

Այս պատմվածքից ընտրիր մի հատված/1-2 պարբերություն/, կարդա, ձայնագրվիր. ձայնագրությունը ուղարկիր ինձ:

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Լեոնիդ Ենգիբարյան

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Կարդա և պատմիր:
  • Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:
  • Բնութագրիր Մեծ գետին:
  • Ով է արժանանում պարգևների և պատիվների:
  • Վերնագիրը բացատրիր:
  • Դուրս գրիր բառակապակցությունները. կարմիր գույնով ներկիր գոյականները, իսկ կապույտ գույնով՝ ածականները:

Մարտի 14

  • Կարդալ բանաստեղծությունը

Եղիշե Չարենց

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո Խատուտիկ աչիկներում: —
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում, —
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ:

  • Բացատրել խատուտիկ, գրոհ բառերը:
  • Ինչպես ես հասկանում`

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում…

  • Դարձվածաբանական բառարանից դուրս գրիր արև բառով դարձվածքներ և բացատրիր:
  • Օրինակ`

արևով երդվել—մեկին շատ սիրել, պաշտել

արևի երես հանել—բացահայտել

Մարտի 13

  • Ստուգիր աշխատանքդ.

Աշուն էր, պայծառ աշուն…
Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

  • Կրկնում եք ձեր ընտրած բանաստեղծությունը:

ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ /Կարդալ, հարցերին պատասխանել/

Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:

Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք, չէ՞ որ  ամեն  մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:

Խնայեք իրար, մարդիկ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր խնայել բառը:
  2. Ո՞ր իմաստով է օգտագործված տեքստում այս բառը:
  3. Ո՞վ է Մոցարտը; Պատմիր նրա մասին:

Մարտի 9

  • Ձեր ընտրած բանաստեղծությունը սովորում եք անգիր /Հ. Թումանյան/:
  • Տոն է /Շարադրում եք` ինչպես անցկացրեցիք Մարտի 8-ը: Մարտի 8-ի վերաբերյալ պատրաստում եք նյութ ռեպորտաժ, ռադիոնյութ, հարցազրույցներ. ընտրեք` որն եք ուզում: Նյութը տեղադրում եք ձեր բլոգներում:

Մարտի 7

Կրկնում ենք` «Իմ երգը» և «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունները

Հ. Թումանյանի բանաստեղծություններից ընտրում ենք մեկ բանաստեղծություն, տեղադրում բլոգում, պատճառաբանում` ինչու ենք ընտրել այն և վարժ, սիրուն կարդում:

Մարտի 6

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում /հասկանալով, վարժ, սահուն կարդալ, փորձել անգիր սովորել, կատարել 1,2 առաջադրանքները/

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև

Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—

Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.

Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր:
  2. Դուրս գրիր բառակապակցությունները և բացատրիր:

Հովհաննես Թումանյան, «Իմ երգը»—սովորել անգիր, կատարել բոլոր առաջադրանքները

Մարտի 2

Հովհաննես Թումանյան, «Իմ երգը» /վարժ, հասկանալով կարդալ, կատարել 1-3 առաջադրանքները/:

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծննդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տվածն եմ տալիս իրեն։

1918թ.

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ գանձերի մասին է խոսում բանաստեղծը. ո՞վ է նվիրել նրան /ներկիր կարմիր գույնով/:
  2. Պատմիր քնարական հերոսի մասին. բնութագրիր նրան:
  3. Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:
  4. Բացատրիր ծով բարություն մակդիրը:
  5. Ըստ բանաստեղծության՝ լրացրու բառակապակցությունները

……………, …………….. գանձեր

…………… պարգև

………….., ………………., …………… սիրտ

……………. սեր

……………… բարի

  1. Իմ բարի, բարի … /գրավոր պատմիր /:
  2. Քանդիր վերուստ բառը, ընդգծիր ածանցը. այդ ածանցով գրիր ուրիշ բառեր:
  3. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը՝ ընդգծելով ածանցները: Բացատրիր ածանցների իմաստները:

Գարուն թեմայով շարադրությունները տեղադրել բլոգներում` չմոռանալով նկարել այն:

Реклама